Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2
21.01.2026 | 10:47

Սկիզբը՝ այստեղ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին Պենտագոնին կարգադրել է նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը, սակայն մտափոխվել է, քանի որ լսել է գործողության ժամանակի դեմ բազմաթիվ առարկություններ: Համարվել է, որ Իրանի վրա հարձակումը ժամանակավրեպ է, իր ժամանակին չէ. այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

ԱՄՆ-ի զինծառայողները, ինչպես գրել է թերթը, գնացել են քնելու՝ ակնկալելով, որ Թրամփը հունվարի 14-ին Իրանի վրա հարձակվելու վերջնական հրաման կտսա, սակայն պաշտոնյաները պնդել են, որ ԱՄՆ-ն այժմ չի կարող երաշխավորել իրանական վարչակարգի տապալումը միայն օդային հարվածների միջոցով: Երկրի պաշտոնյաները Թրամփին ասել են, որ ԱՄՆ-ը չի կարող վստահ լինել Իրանի ղեկավարությանը տապալելու հնարավորության մեջ միայն մի շարք ավիահարվածների շնորհիվ. պարզ չէ, թե ռազմական և քաղաքացիական թիրախների ռմբակոծություններն արդյոք կօգնե՞ն ապստամբությանը և կառավարության թուլացմանը:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ, բացի այդ, Վաշինգտոնը ներկա պահին ռազմական բավարար միջոցներ չունի Մերձավորարևելյան տարածաշրջանում, որպեսզի Իրանի վրա լայնամասշտաբ հարձակում իրականացնի և, միևնույն ժամանակ, պաշտպանի իր զինծառայողներին ու դաշնակիցներին: Արևմտյան ԶԼՄ-ները նշել են նաև, որ միջոցների անբավարարությունը պայմանավորված է նրանով, որ 2025թ. հունիսին ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ Իսրայելի 12-օրյա պատերազմից հետո ամերիկյան շատ միջոցներ տեղափոխվել են Կարիբյան ավազան և Արևելյան Ասիա:

Արաբական երկրներից մի քանիսի իշխանությունները նույնպես, ըստ WSJ-ի, բացատրել են ԱՄՆ-ին, որ այժմ հարձակման համար հարմար ժամանակ չէ: Նրանք նշել են, որ Իրանում բողոքի ցույցերն արդեն գրեթե ճնշվել են, և Վաշինգտոնի միջամտությունից հետո հնարավոր չի լինի կանխատեսել, թե ով կարող է խլել իշխանությունը:

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025թ. դեկտեմբերի վերջին՝ ի սկզբանե ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն ավելի ուշ վերածվել են անկարգությունների, իշխանությունների դեմ ակցիաների և «գունավոր հեղափոխության» կամ հեղաշրջման փորձի: Իշխանությունների դեմ գործողություններն իրենց գագաթնակետին են հասել գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կոչերից հետո: Երկրում դադարել է աշխատել ինտերնետը, հաղորդվել է շուրջ 5000 զոհերի մասին, որոնցից մոտ 500-ը՝ ուժայինների ուժայինների շրջանում: Իրանի իշխանությունները, որոնք ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել են անկարգություններ կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել:

«Վճռական միջոցառումներին մեր քաղաքացիների մասնակցության, ինչպես նաև զինված ուժերի, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ, երկրի քաղաքներում անվտանգությունն ու կարգուկանոնը լիովին վերականգնվել են»,- երեկ իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության տեղեկացմամբ, հայտարարել է Իրանի իրավակարգի ուժերի գլխավոր հրամանատար Ահմադ Ռեզա- Ռադանը:

Նա նաև նշել է, որ հանրապետության իրավապահ մարմինները կշարունակեն իրենց աշխատանքը մինչև Իրանում վերջին անկարգությունների և ջարդերի ընթացքում հանցագործությունների կատարման մեջ ներգրավված բոլոր անձանց վերջնական հայտնաբերումն ու ձերբակալումը:

Որպես նրա խոսքերի հաստատում, Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ձերբակալել է Իրանի արևմուտքում անկարգությունների կազմակերպիչներից 132 մարդու, որոնց իշխանությունները համարում են Արևմտյան Լուրեստան նահանգում անկարգությունների կազմակերպիչներ: Այս մասին հայտնել է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ տարածաշրջանային ստորաբաժանման մամուլի ծառայությանը։

Ըստ ԻՀՊԿ-ի տվյալների, ձերբակալվածները դիտարկվում էին որպես բողոքի ակցիաների և ջարդերի առանցքային համակարգողներ։ Իրանական կողմը պնդում է, որ նրանք կապեր են պահպանել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ահաբեկչական կառույցների հետ: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին օրերս նույնպես հայտարարել էր, որ իրանական մի շարք քաղաքներում անկարգությունները հրահրվել են իսրայելական գործակալների գործողություններով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ ստորաբաժանումները մի շարք գործողություններ են իրականացրել երկրի այլ շրջաններում անկարգությունների ենթադրյալ առաջնորդներին ձերբակալելու համար: Նման միջոցառումներ են իրականացվել Յազդ, Սեմնան Նահանգներում, ինչպես նաև Իրանի Կենտրոնական և հարավային մասերում գտնվող Ռաֆսանջան և Սիրջան քաղաքներում:

Այսպիսով Իսրայելի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Իրանում պետական հեղաշրջման փորձն առայժմ ձախողվել է, ինչի համար, կարելի է ենթադրել, նրանք գազազած են ու հանգիստ չունեն: Ըստ մի շարք քաղաքագետների, փորձագետների, վերլուծաբանների, վերջիններիս թվում նաև տողերիս հեղինակի, հնարավոր է, որ ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի իշխանություններին տապալելու նպատակով, գերճշգրիտ հրթիռառմբային հարված հասցնեն այն վայրերին, որտեղ, ըստ նրանց հետախուզական տեղեկությունների, տվյալ պահին կարող են գտնվել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, նախագահը, աշխարհիկ և հոգևոր իշխանության այլ ղեկավարներ, ինչպես նաև ԻՀՊԿ և պաշտպանության նախարարության ղեկավարները:

Նախորդիվ արդեն նշել ենք, որ հունվարի 18-ին «The Jerusalem Post»-ի տեղեկացմամբ , ԱՄՆ-ի ավիակիր խմբավորումը՝ «USS Abraham Lincoln» ատոմային ավիակրի գլխավորությամբ, դեպի Իրան ճանապարհին արդեն մտել է Մալաքայի նեղուց… Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակում են ուժեղացնել իրենց ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում այն հավանականության ֆոնին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ի վերջո, կարող է Իրանի վրա հարձակման հրաման տալ:

Ըստ վերոնշյալ պարբերականի, ԱՄՆ-ի ավիակիր խմբավորումը՝ «USS Abraham Lincoln» ատոմային ավիակրի գլխավորությամբ, օրեր առաջ հասել է Մալաքայի նեղուց, որը գտնվում է Մալազիայի և Ինդոնեզիայի միջև։ Ակնկալվում է, որ նրանք 5 օրից կմտնեն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի: Ավիակրին ուղեկցում են «USS Spruance» և «USS Michael Murphy» ականակիրները: Նշվել է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորդանան է ժամանել ևս 12 Ֆ-15 կործանիչ:

Ենթադրվում է, որ տարածաշրջան ավելի շատ կործանիչներ են ուղարկվելու, իսկ բեռնատար ինքնաթիռները վայրէջք են կատարել Դիեգո Գարսիայի ԱՄՆ-ի ռազմաբազայում: ԱՄՆ-ի պաշտոնյաները իսրայելական «Jerusalem Post» թերթին հայտնել են, որ «այժմ դիտարկվում են բոլոր տարբերակները»: Պաշտոնյաները հավելել են, որ նպատակը Մերձավոր Արևելքում զգալի ուժ ստեղծելն է, որը Թրամփին լայն հնարավորություններ կտա, եթե նա որոշի հարվածել Իրանին:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը հրավիրել է պաշտպանական բարձրագույն օղակի մի քանի ղեկավարների՝ քննարկելու տարածաշրջանի վերջին զարգացումները: Իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ «ԱՄՆ-ի հարվածն Իրանին դեռ հնարավոր է»:

Ինչպես հաղորդել են արևմտյան ԶԼՄ-ները, Նաթանյահուն չորեքշաբթի Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան համոզել է չեղարկել Իրանի վրա հարձակումը՝ թե Իսրայելի՝ այդ պահին պաշտպանությանը դեռ պատրաստ չլինելու, թե տարածաշրջանում ԱՄՆ-ի սահմանափակ գործառնական հնարավորությունների պատճառով, եթե Իրանը պատասխան տա ամերիկյան հարվածին՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում դեռ բավարար ուժ չունի Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես դա եղել է 2025թ. հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ:

Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան և պաշտպանության նախարարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Դեն Շապիրոն ենթադրել է, որ Թրամփը, առաջնորդվելով Իրանի ժողովրդին ուղղված հռետորական խոստումները կատարելու ցանկությամբ, հնարավոր է, ձգտում է «դրամատիկ» ռազմական ելքի:

«Թրամփը կոչ է արել իրանցի ժողովրդին դուրս գալ փողոց՝ խոստանալով, որ նա կլինի նրանց հետ… Բայց երբ վարչակարգը սպանեց հազարավոր մարդկանց, գինը չվճարվեց, քանի որ այն ժամանակ ԱՄՆ-ը տարածաշրջանում անհրաժեշտ ուժեր չուներ»,- ասել է Շապիրոն «The Post»-ին տված հարցազրույցում:

Ըստ Շապիրոյի, այս դինամիկան այժմ փոխվում է, քանի որ ամերիկյան զորքերը վերադառնում են տարածաշրջան, և Ամերիկայի գործողությունների ռազմական տարբերակը հասանելի է դառնում: Շապիրոն ասել է նաև, որ Թրամփն իր նախընտրած ռազմական ոճի տպավորիչ հարվածի համար կարող է թիրախավորել հատկապես Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:

«Ինչը մեծ և դրամատիկ կլիներ, և թույլ կտար նրան հայտարարել, որ կատարել է իր խոստումը,- հավելել է Շապիրոն։- Դա կնշանակեր գերագույն առաջնորդի վերացում»:

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը դրան արձագանքել է X-ում (նախկին «Twitter»- ում) կատարած իր գրառման մեջ՝ նախազգուշացնելով, որ Խամենեիին հարվածելը հավասարազոր կլինի Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի:

Դատելով ամենից, ԱՄՆ-ն այժմ Իրանին կետային հարվածների կամ առնվազն նրա գլխին իր ռազմական մահակը պահելու համար տարածաշրջանում բավարար ուժեր կուտակելու գործընթացում է: Միաժամանակ, «Новости Mail»-ի փոխանցմամբ , ըստ իսրայելական «Ynet» պարբերանի, Իսրայելն ԱՄՆ- ին արդեն հավաստիացրել է, որ պատրաստ է դիմակայել Իրանի նույնիսկ ամենահզոր հրթիռային հարվածին, որի ընթացքում, իսրայելական հետախուզության գնահատմամբ, Թեհրանը կարող է արձակել մինչև 700 հրթիռ՝ ավելի շատ, քան 2025թ. հունիսին «Ապստամբող առյուծ» անվանմամբ հայտնի 12-օրյա պատերազմի ժամանակ:

Թել Ավիվը պնդմամբ, նշանակություն ունի ոչ թե Իրանի վրա հարձակման «ռազմական գինը», այլ քաղաքական արդյունքը։ Ինչպես գրել է «Ynet»-ը, եթե Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի նոր առճակատումը հանգեցնի Թեհրանում գործող վարչակարգի անկմանը, ապա նույնիսկ ամենաբարձր գինն արդարացված կլինի:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ